Փնտրվում է քաղաքապետ... - TopArm.Info

Լրահոս

вторник, 9 июля 2019 г.

Փնտրվում է քաղաքապետ...




Մի շարք քաղաքացիներ այսօր Երևանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին: Ակցիայի կազմակերպիչներից էր Երևանի ավագանու նախկին անդամ (Երկիր Ծիրանի) Սոնա Աղեկյանը: Նրան և մի քանի ակտիվիստի ոստիկանությունը բերման ենթարկեց բաժին:

Իրականում քաղաքացիներին կարելի է հասկանալ. գարշահոտության, պոտենցիալ համաճարակի բնի մեջ ապրելը այնքան էլ հաճելի չէ, հատկապես եթե մեկ տարի առաջ գնացել ես ընտրատեղամաս և 80 տոկոս վստահության քվե տվել նոր իշխանություններին, նոր քաղաքապետին: Նոր քաղաքապետը, սակայն, մեկ տարվա մեջ գտավ ժամանակ ամեն ինչի համար՝ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու, խնամի-ծանոթ-բարեկամներին գործի դասավորելու, անգամ գովազդում նկարվելու, և միայն մեկ բանի համար Մարությանը այդպես էլ ժամանակ չգտավ՝ իր բուն պարտականությունները կատարելու: Եվ այսօր նրա պարտականություններն իր փոխարեն փորձում են կատարել հպարտ քաղաքացիները, որոնց հպարտությունը չի ներում զիբիլի մեջ ապրել:

Քաղաքապետարանն, ի դեպ, յուրացրել է տակից դուրս գալու նուրբ արվեստը: Արդեն իսկ սլաքները ուղղվել են Սանիթեքի դեմ՝ ակնարկելով, որ աղբը սխալ հասցեով է բերվել: Ավելորդ չենք համարում թարմացնել քաղաքապետարանի հիշողությունը և հիշեցնել, որ «Սանիթեքի» հետ պայմանագիրը կնքել է քաղաքապետարանը և միայն քաղաքապետարանն է իրավասու և պարտավոր պահանջել ու հետևել «Սանիթեքի» կողմից իր պարտավորությունների պատշաճ մատուցմանը: Իսկ քաղաքացիները պահանջել և պահանջելու են իրենց կողմից ընտրված քաղաքային իշխանություններից, որոնց աշխատանքի մակարդակը ի դեպ «Սանիթեքի» աշխատանքի մակարդակից ոչնչով չի տարբերվում:

Ընդ որում, ակնհայտ է իշխանությունների կողմից երկակի ստանդարտների կիրառումը: Երբ Սոնա Աղեկյանը նույն աղբահանության խնդրի շուրջ կռիվ էր տալիս Տարոն Մարգարյանի դեմ, Փաշինյանի թիմակիցները ԵԼՔ-ից վերջինիս պադդեռժկա էին անում, հայտարարում, որ պայքարը ճիշտ է: Այսօր արդեն, երբ Աղեկյանի թիրախում Տարոնը չէ, այլ՝ Հայկը, նրա բռնած գործը սխալ է, ինքն էլ հակաօրինական գործողություններ է կատարում: Կամ արդյո՞ք երկակի ստանդարտ չէ այն փաստը, որ մեր երկրում պետական հիմնարկի դիմաց աղբ դնելը ավելի հակաօրինական գործարք է, քան այդ նույն պետական մարմինների մուտքերն ու ելքերը արգելափակելը…


Աղբյուրը՝ mediamall