Ներաշխարհ - TopArm.Info

Լրահոս

понедельник, 13 мая 2019 г.

Ներաշխարհ



Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի,
Ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը….

Խոսքեր, որոնք գրելիս մեծն Սևակը երևի հստակ գիտակցում էր, որ կարեկից է լինելու ինչ-որ մեկին, և ինչ-որ մեկը կարդալով հասկանալու է, որ իր մենակության մեջ ինքը մենակ չէ:
            Ես ապրում եմ՝ ամեն բացվող օրվանից նոր դասեր քաղելով, ամեն մի իրադարձություն իմ կյանքում ինչ-որ բան խլում է և ինչ-որ բան սովորեցնում: Երբ հիշողությանս կծիկը սկսում եմ քանդել և ընդամենը մի քանի տարով հետ եմ գնում, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ կյանքը անիմաստ ու անբացատրելի է:
Կարոտ մարդկանց հանդեպ, որոնց էլ երբեք չեմ տեսնելու, հիշողություններ, որոնք միաժամանակ և քաղցր են, և դառը, խելագարության հասցնող հարցեր, որոնք երբեք պատասխան չեն ունենալու, արցունքներ անցյալիս ու ներկայիս համար և անորոշ ապագա, ճանապարհ դեպի անհայտություն….Ահա իմ կյանքը:
Մի անգամ հիասթափվեցի կյանքից ու մարդկանցից, հասկացա, որ սպասելիքներով ապրելը սխալ է ու դաժան: Ինքս ինձ խոստացա, որ կյանքս մենակ եմ ապրելու, որպեսզի նոր սպասելիքներ, նոր հիասթափություններ, նոր վախեր ու կորուստներ չունենամ:
Բայց անկանխատեսելի կյանքի հորձանուտում ահա նոր օր բացվեց, արևը, որ դադարել էր ջերմացնել, նորից ժպտաց, ու հասկացա, որ ես նորից լցվել եմ հույսով, ես դարձյալ սպասում եմ, հիասթափությունս վերափոխվել է սիրո, կորուստների մասին չեմ ուզում մտածել և ունեմ նոր վախ. այս անգամ՝ մենակությունից: Ես տրվեցի սիրելու ու սիրվելու գայթակղությանը, ինձ շռայլություն թույլ տվեցի՝ մտածելու, որ երբեք մենակ չեմ մնա, որովհետև արդեն ունեմ ամուր հենարան:
Իսկ ճակատագիրը քմծիծաղ տվեց ու անցավ գործի: Սուր ծակոց զգացի սրտիս մեջ, երկինքը մռայլվեց ու ամպեր կուտակվեցին:
Ես նորից վերափոխվեցի…..Ես վախենում եմ: Երանի չունենայի ոչինչ, որպեսզի ոչինչ էլ չկորցնեի:
Խնդրում եմ Տիեզերք, թույլ չտաս, որ հորդառատ անձրևը ցած իջնի ու սրբի – տանի իմ լույսի մնացորդները:


 Հեղինակ Անահիտ Սարգսյան