«Իմ սահմանն այնտեղ է, որտեղ աչքիս առաջ հայտնվում է հորս դեմքը»․ Գայա Արզումանյանը` իր ոճի և վուլգարության մասին - TopArm.Info

Լրահոս

вторник, 21 мая 2019 г.

«Իմ սահմանն այնտեղ է, որտեղ աչքիս առաջ հայտնվում է հորս դեմքը»․ Գայա Արզումանյանը` իր ոճի և վուլգարության մասին



Երգչուհի Գայա Արզումանյանը բացի երաժշտական ասպարեզում ակտիվանալն ու պարբերաբար տեսահոլովակներ թողարկելը, ներգրավված է նաև «Հումորի Լիգա» նախագծի ժյուրիի կազմում, որտեղ երգչուհին հեռուստադիտողներին ներկայանում է՝ տարբեր կերպարներով։

Tert.am Life-ը Գայայի հետ զրուցել է անսովոր look-երի, հումորը գնահատելու, կոմերցիայի և պարբերաբար անձնականը քննարկման առարկա դարձնելու պատճառների մասին։

«Շատ էի զարմացել, երբ, լինելով երգչուհի, «Հումորի լիգա» նախագծում որպես ժյուրի ներկայանալու առաջարկ ստացա` չնայած առաջին եթերաշրջանում հյուրի կարգավիճակով մասնակցել եմ թիմերից մեկի համարին։ Հումորի հանդեպ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը և յուրովի է ընկալում։ Չեմ կարծում, որ  նախագծի ժյուրիում հայտնվելու համար պետք է լինել հումորի մեծ վարպետ։ Կյանքում ես հումորով և ուրախ մարդ եմ, ինձ համար այս նախագծում դեռ բարդություններ չկան»,– ասաց Գայան, որը բացի հումորը գնահատելը հնարավորություն ունի ամեն շաբաթ հեռուստադիտողներին ներկայանալ վառ ու ընդգծված կերպարներով։ Դրանք պարբերաբար հայտնվում են քննարկումների կենտրոնում։


««Հումորի Լիգայում» հագուստս ամենաշատ քննարկվող թեմաներից է։ Look-երն ընտրում է իմ պրոդյուսեր և ոճաբան Արայիկ Գաբաջյանը։ Սկզբնական շրջանում հագուստս ընտրում էինք ըստ կենդանիների, որոնց ուղեկցությամբ գալիս էի դահլիճ։ Վերջին մի քանի եթերների կերպարներս ընտրվել են` ըստ նախորդ ծրագրերում իմ look-երի վերաբերյալ արված հումորների։ Յուրաքանչյուր կին սեքսուալ է յուրովի։ Ես նույնպես ունեմ սեքսուալ լինելու իմ չափանիշներն ու խորամանկությունները»,- ասաց երգչուհին` ավելացնելով, որ հագուստի գույնի, ձևի մասին տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ առաջին անգամ գալիս է այն փորձելու։



Որքան համարձակ են կերպարները, այնքան մեծ է հավանականությունը, որ երգչուհին կարող է բանավեճեր ունենալ իր ոճաբան-պրոդյուսերի հետ։ Գայայի խոսքով` Արայիկի հետ ունենում են ստեղծագործական բանավեճեր, որոնք կարող են, անգամ, կռվի վերածվել։

«Իհարկե, կարող եմ կարծիք արտահայտել, որը խելամիտ լինելու դեպքում հաշվի է առնվում։ Կռվի հասնող, սուր բանավեճեր ևս ունենում ենք, սակայն հաջորդ վայրկյանից կրկին շարունակում ենք ջերմ շփվել»,- ծիծաղելով ավելացրեց Գայան։

Երգչուհու խոսքով` հագուստի ազատության մեջ ունի իր սահմանները։ «Ես համարձակ եմ, էպատաժային, սիրում եմ նորովի ներկայանալ, սակայն կա մի սահման, որն ինձ համար կարևոր է։ Այդ սահմանն այնտեղ է, որտեղ աչքիս առաջ հայտնվում է հորս դեմքը»,- ասաց Գայան` հավելելով, որ քննադատություններն իր համար երբեմն, անգամ, սպասված են լինում, ավելին, երգչուհու խոսքով` դրանց դեմ բարձր դիմադրողականություն է ձեռք բերել։

Երգչուհու «դիմադրողականությունը»  պարապուրդի չի մատվում, քանի որ մեկնաբանություններում նրա գրեթե բոլոր կերպարները հաճախ անվանում են «վուլգար». «Նման մեկնաբանություններն իմ տրամադրության վրա չեն ազդում։ Ո՞վ է որոշել, թե որքան բաց լինելու դեպքում էսթետիկը կարող է դառնալ վուլգար։ Կարծում եմ` արտիստի համար վուլգար լինելու սահման չկա, քանի որ նա բեմում է։ Նախկինում ինձ համար նման սահման կար, բայց Արայիկի ճիշտ մեկնաբանությունների, բացատրությունների ու աշխատանքի արդյունքում հասկացա, որ արտիստի համար բեմում սահմաններ լինել չեն կարող»։



Էպատաժային ու համարձակ կերպարներն ինքնանպատակ չեն։ «Իմ նպատակը, միանշանակ, հիշվելը, սիրվելն է, որպեսզի շատ խոսեն իմ մասին և հաջորդ անգամ ավելին սպասեն ինձանից»,- ասաց Գայան ու ավելացրեց, որ իր կերպարների վառ արտահայտված լինելը նաև կոմերցիոն տեսակետից է աշխատում։


Tert.am