Արդեն հստակ է` երբ կսկսվեն Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները - TopArm.Info

Լրահոս

Loading...

четверг, 16 мая 2019 г.

Արդեն հստակ է` երբ կսկսվեն Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները


Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը հնարավոր չէ կառուցել բյուջետային միջոցներով. Բանակցում են կառուցապատողների հետ։



Հաջորդ տարվա սկզբից կսկսեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները»,– ասաց նա:

Մեսչյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման աշխատանքները։


«Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում: Հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, ոչ թե ճարտարապետությամբ: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո: Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ մանրամասն կխոսենք»,– ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու ծրագիրը մտել է գործնական փուլ։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանից գնացքը «Աջափնյակ» կհասնի 525 մ երկարության թունելով:

Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում:


Loading...