Երևանի քաղաքապետարանը կոչ է անում խուսափել փողոցներում վաճառվող քաղցր «բամբակ» գնելուց - TopArm.Info

Լրահոս

вторник, 21 мая 2019 г.

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում խուսափել փողոցներում վաճառվող քաղցր «բամբակ» գնելուց



Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար:


«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք դադարեցնել ապօրինի առևտուրը: Մեր պահանջից հետո եղան անձինք, որոնք անմիջապես ենթարկվեցին, սակայն ոմանց համար դա բարձր եկամտաբերության գործունեություն է, և ամեն գնով փորձեցին չենթարկվել, ինչի պատճառով տեղափոխվեցին ոստիկանության բաժին՝ օրինական պահանջները չկատարելու համար: Նշեմ նաև, որ այդ անձանցից մեկի մոտ ոստիկանության բաժնում իրականացված զննությամբ հայտնաբերվել է դանակ և կռփազենք, և այդ փաստի առիթով արդեն իսկ նախապատրաստվում են նյութեր»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Չնայած նախազգուշացումներին ու վաճառք իրականացնողների թույլ տված խախտումներին՝ օրինազանց քաղաքացիները փորձել են նաև խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը:


«Եղավ նաև այնպիսի անձ, որը եկավ բարոյահոգեբանական, այսպես ասած, աջակցություն ցուցաբերելու այդ առևտրականներին, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գարեջրի շիշը ձեռքին, բարձրացավ նորաբաց այգու մայթին՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այստեղ զբոսնող քաղաքացիների հանդեպ: Ճանապարհային ոստիկանությունն անմիջապես արձագանքեց, և անձը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հատուկ տարածք»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց: 


«Անհայտ է մնում, թե այդ գործունեություն իրականացնողը բժշկական զննություն անցե՞լ է, ի՞նչ պայմաններում է պատրաստում այդ հումքը, որից ստանում է «բամբակ» և որը գայթակղում է երեխաներին, թեև իրենից վտանգ է ներկայացնում: Միգուցե այդ գործունեություն իրականացնողը տուբերկուլյոզով հիվանդ է, չէ՞ որ նա երեխաների հետ է շփվում, բացի այդ, ինչ պարբերականությամբ է վերջինս բժշկական զննություն անցել, ինչ հաճախականությամբ են այդ սարքերը ախտահանվում, միգուցե տարաները երբևէ չե՞ն ախտահանվում: Ես խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը»,- նշում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը:

Թեև անզեն աչքով տեսանելի են այն պայմանները, որտեղ պատրաստվում է քաղցր «բամբակը», մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում են օգտվել դրանից: Հարցումների ընթացքում լսեցինք տարբեր կարծիքներ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանը մինչ օրս վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 300 արձանագրություն է կազմել:

«Անզիջում է լինելու այդ պայքարը, և այդ պայքարում մենք պայմանականորեն տարանջատել ենք երկու խումբ. առևտրականների մեջ կան անձինք, ովքեր իրականում սոցիալապես անապահով վիճակում են, տարեցներ են, ունեն հացի խնդիր: Այդ անձանց հետ մենք տանում ենք բացատրական աշխատանք, ուղղորդում ենք դեպի շուկաներ, միջոցներ ենք ձեռնարկում նոր շուկաների ստեղծման համար: Սակայն կա նաև անձանց մի խումբ, որն ամեն գնով փորձում է զբաղվել ապօրինի առևտրով: Մենք այդ անձանց նկատմամբ լինելու ենք անզիջում, բացարձակապես թույլ չենք տալու մեր քաղաքը վերածել արևելյան շուկայի»,- ընդգծում է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Որպեսզի վարչարարությունն առավել արդյունավետ լինի, քաղաքապետարանը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այն դեպքերում, երբ ապօրինի առևտրով զբաղվողները չեն ենթարկվի նախազգուշացումներին,  քաղաքապետարանը կառգրավի վաճառվող ապրանքը: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մտածի իր և իր երեխայի առողջության մասին՝ խուսափելով փողոցում վաճառվող ամեն տեսակի կասկածելի ծագումով ապրանքներից:

Դիտված նյութեր