Շտապ օգնության աշխատակիցները բողոքում են․ «Մենք էլի նույն աղքատավարձն ենք ստանում». - TopArm.Info

Լրահոս

среда, 8 мая 2019 г.

Շտապ օգնության աշխատակիցները բողոքում են․ «Մենք էլի նույն աղքատավարձն ենք ստանում».



«Շտապ օգնություն» Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների պահանջները լուծում չեն ստացել։
Մասնավորապես՝ ծանրաբեռնված աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ ստանալու, բժշկական ապահովագրություն չունենալու և այլ խնդիրները մնում են։
Այսօր ընկերության աշխատակիցները հանդիպում էին տնօրենի հետ։Հանդիպումը լուսաբանել չթույլատրվեց։

Բայց մեզ հետ զրույցում «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը  նշեց, որ դեռ աշխատավարձի բարձրացման մասին խոսելը վաղ է:

«Կարծեմ, նախարարն իր ասուլիսում ասել է, որ այս տարի աշխատավարձի բարձրացում չի ակնկալվում»,- նշեց նա:

Բժշկական հիմնարկում վերջին անգամ աշխատավարձը բարձրացել է 2011թ.-ին՝  100%-ով: Բժիշկը 1 հերթապահության համար ստանում է 18-20000 դրամ, բուժքույրը՝ 11000, իսկ վարորդը՝ 10000 դրամ:



Պարզ չէ նաև, թե «Շտապ օգնության» աշխատակիցների բժշկական ապահովագրության հարցը երբ կլուծվի: Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ դեռ սպասում են նախարարության որոշմանը:

Ինչ վերաբերում է աշխատակիցների հանդերձանքին, ապա ըստ Թագուհի Ստեփանյանի՝ արդեն տենդերը հայտարարվել է, հաղթող կազմակերպությունն էլ մոտ ժամանակները «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի 650 աշխատակցի համար նոր հանդերձանք կկարի:

«Ուղղակի ժամանակի խնդիր է»,- նկատեց տնօրենը: Հանդիպումից հետո զրուցեցինք աշխատակիցների հետ։

Հարցին, թե թե ժողովի ընթացքում որևէ եզրահանգման եկել են աշխատակիցները և տնօրենը, «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի  բուժքույր Գայանե Մովսիսյանը այսպես արձագանքեց.

«Մեր աշխատավարձերը չի բարձրանում: Խանութներում թանկացումներ են, մենք էլի նույն աղքատավարձի վրա ենք»:

Իսկ գծային բրիգադայի բուժքույր Լուսինե Տոնոյանն էլ ասաց, որ ժողովի ընթացքում քննարկել են աշխատակիցների բողոքները:

Շտապ օգնության աշխատակիցներին զայրացնում է, որ բուժաշխատողների աշխատավարձը բարձրանալու է, բայց այդ բուժաշխատողների մեջ իրենք չեն մտնում:

«Մեր աշխատանքը շատ ծանր է: Մեզ որ ասում են՝ ձեզ հասկանում ենք, ոչ մեկ մեզ չի կարող հասկանալ մինչև սեփական մաշկի վրա դա չզգա: Ես 25 տարի աշխատում եմ այստեղ, նման ծանրաբեռնվածություն չի եղել, որովհետև բրիգադաները եղել են շատ»:

Մանրամասն՝ տեսանյութում:




Դիտված նյութեր