Վարորդներին մեկ տարով տրվելու է 9 միավոր. Խախտումների դեպքում միավորները կհանվեն. Կլինի նաեւ զրկում եւ ազատազրկում - TopArm.Info

Լրահոս

Loading...

четверг, 16 мая 2019 г.

Վարորդներին մեկ տարով տրվելու է 9 միավոր. Խախտումների դեպքում միավորները կհանվեն. Կլինի նաեւ զրկում եւ ազատազրկում




Վարորդներին մեկ տարով տրվելու է 9 միավոր. Խախտումների դեպքում միավորները կհանվեն. Կլինի նաեւ զրկում եւ ազատազրկում
13:49, 16.05.2019
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Հասարակություն



Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծեր վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով ՃՈ խախտումների համար սահմանվելու է բալային համակարգ:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշեց, որ նախագիծը ենթադրում է երթեւեկության անվտանգության նկատմամբ նոր մեխանիզմի ներդրում, որն էականորեն տարբերվում է ներկայումս գործող զանցանք-տուգանք համակարգից:


«Նոր մեխանիզմը կոնկրետ իրավախախտումների համար ենթադրում է զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիսնության կիրառում, որը կբարձրացնի վարչական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը:

Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով»,-ասաց Քոչարյանը հավելելով, որ այս փոփոխության արդյունքում բյուջետային մուտքերը կկրճատվել 2,7 մլրդ դրամով:

ՓՈոխոստիկանապետը նշեց, որ տուգանքների չափերի բարձրացումն այլեւս ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվը. «Ավելին, դա հանրային ընկալման մեջ ձեւավորել է հետապնդումների ենթարկելու համոզմունք: Բարձր տուգանքները նաեւ ազդեցություն են թողնում սոցիալական տարբեր խմբերի պատկանող վարորդների վարքի վրա»:

Անդրադառնալով կոնկրետ փոփոխություններին, Հովհաննես Քոչարյանը նշեց, որ վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է:

«Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով հանրային վնասակարության աստիճանից՝ զոհերով եւ վիրավորներով վթարների պատճառ կամ նպաստավոր պայման հանդիսանալու հանգամանքից:

«Եթե մեկ տարվա ընթացքում խախտումներ կատարելը հանգեցնում է 9 միավորի սպառմանը, ապա կիրառվելու է վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը վերականգնվելու է եւ նորից տրվելու է 9 միավոր: Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի եւ ստանա վարորդական իրավունք»,-ասաց Քոչարյանը:

Սակայն գործելու են նաեւ խրախուսման մեխանիզմներ. Օրինակ, վարորդական իրավունքից 6 ամսով զրկված վարորդը կարող է երեք ամիս անց հանձնել տեսական քննություն եւ ժամկետից շուտ հետ ստանալ վարորդական իրավունքը:

Բացի այդ, եթե վարորդը մեկ տարվա ընթացքում մնացորդում ունի 3 եւ պակաս միավոր, նա կարող է տեսական քննություն հանձնելու միջոցով մեկ անգամ հետ վերադարձնել երկու միավոր:

Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու համար սահմանվել է 200-300 հազար դրամի չափով տուգանք, կամ կալանք մինչեւ 2 ամիս ժամկետով: Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար նախատեսվել է 300-500 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով:

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու արդյունքում 2017-ին զոհվել է 15, 2018-ին՝ 23 մարդ: Այս առումով խստացում է եղել: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, եթե մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի ազդեցությունը չի գերազանցում մեկ գրամը, գործող 150 հազար դրամի փոխարեն նախատեսված է 29 հազար դրամի տուգանք, սակայն լրացուցիչ տույժ 4 տուգանային միավորի չափով: Նույն արարքի կատարումը մեկ տարվա ընթացքում առաջացնելու է իրավունքից զրկում 6 ամիս ժամկետով: Ոչ սթափ վիճակում ընդհանուր օգտագործման մեքենա կամ տաքսի վարելը կհանգեցնի իրավունքից զրկման 6 ամիս ժամկետով:

Եթե ալկոհոլի ազդեցությունն  արյան մեջ ավելի լինեն մեկ գրամից, ապա 200 հազար տուգանքի փոխարեն սահմանվում է իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով

Թմրամիջոցների ազդեցությամբ մեքենա վարելը հանգեցնելու է ոչ թե մեկ, այլ 2 տարով իրավունքից զրկման: Սթափության ստուգումից հրաժարվելն առաջ է բերելու իրավունքից զրկում երկու տարի ժամկետով:

Օրենքն ուժի մեջ կմտնի ընդունումից 6 ամիս հետո:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այսօրվա 5 հազար դրամ նախատեսող խախտումներին համարժեք  է լինելու մեկ տուգանային միավորը: 20-25 հազար դրամանոց տուգանքների համար նախատեսված է 2 տուգանային միավոր: 4-միավորանոց խախտումների թիվը սահմանափակ է, դրանք երկուսն են՝ երթեւեկության սահմանված արագությունը 501-80 կմ/ժամով գերազանցելը եւ մեքենան ոչ սթափ վիճակում վարելը:  3-միավորանոց խախտում է համարանիշը այլ անձի հանձնելը եւ արագությունը 31-50 կմ/ժամով գերազանցելը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ամփոփեց քննարկումը՝ ասելով. «Հարգելի քաղաքացիներ մի կորցրեք ձեր միավորները»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Loading...