Վիրտուալ սեքսի հայկական դրսևորումները - TopArm.Info

Լրահոս

Loading...

пятница, 17 мая 2019 г.

Վիրտուալ սեքսի հայկական դրսևորումները


ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւ թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը այսօր Երեւանում անդրադարձել են վիրտուալ շփումների, վիրտուալ կախվածության եւ վիրտուալ սեքսի հետեւանքով ի հայտ եկող հոգեկան եւ ֆիզիոլոգիական վտանգներին:

Ի՞նչ է կիբերսեքսը

Սեքսոպաթոլոգ

Ժամանակակից աշխարհում շփումներն աստիճանաբար տեղափոխվում են վիրտուալ տարածություն: Ցավոք, սեռական հարաբերությունները նույնպես ունենում են վիրտուալ դրսեւորում:  Տարեցտարի ավելանում է այն կայքերի թիվը, որոնք հնարավորություններ են ստեղծում վիրտուալ հարաբերությունների համար: Դրա ծայրահեղությունը կիբերսեքսն է, երբ էրոտիկ նկարների եւ տեսագրությունների օգնությամբ մարդիկ գրգռվում են եւ նույնիսկ հասնում բավարարման: Նման վիճակի տեւական ընթացքը կարող է հանգեցնել լուրջ սեռական խանգարումների:

Հոգեբան

Վիրտուալ աշխարհը գրավիչ է շատերի համար, քանի որ ապահովում է մի շարք պայմաններ, որոնցից առաջինը` անանունությունն է: Անձը վիրտուալ աշխարհում կարող է ներկայանալ այլ անունով, այլ դեմքով, այլ իմիջով եւ նույնիսկ այլ սեռով: Նա ստեղծում է այն կերպարը, որը կերազեր ունենար իրական աշխարհում:

Երկրորդ պայմանը, ժամանակի եւ տարածության կորուստն է: Եթե իրական շփման ժամանակ հարցին պատասխանելը մի քանի վայրկյան է տեւում, ապա վիրտուալ կյանքում անձն ունի 3-5 րոպե մտածելու, խոսքը ձեւակերպելու համար, որն օգնում է կեղծ կերպարի ձեւավորմանը: Եթե իրական կյանքում անձը սահմանափակված է Երեւանի կամ ինչ-որ այլ համայնքի շրջանակներում, ապա վիրտուալ աշխարհը սահմաններ չի ճանաչում:

Երրորդ պայմանն այն է, որ անձը գտնում է ինչ-որ մեկին, որին կարողանում է իդեալականացնել: Իրականության մեջ հավանականությունը քիչ է, որ կարող է հանդիպել իր երազած կերպարին: 


Ովքե՞ր են կիբերսեքսի զոհերը

Սեքսոպաթոլոգ

Շատ հաճախ վիրտուալ սեքսի զոհերն են նրանք, ովքեր հոգեսեռական զարգացման ընթացքում ունեցել են որոշակի խնդիրներ, սեռական դաստիրակության սխալներ, բնավորությամբ կասկածամիտ են եւ ինքնամփոփ:
Վիրտուալ սեքսը նախընտրում են մարդիկ, ովքեր ընտանեկան կյանքում հիասթափություններ են ապրել, սակայն չեն ցանկանում ամուսնալուծվել եւ չեն ապրում բնական սեռական կյանքով, նաեւ` զբաղված կենսակերպ ունեցող մարդիկ:
Շատ դեպքերում վիրտուալ սեքսի զոհ են դառնում անչափահասները, քանի որ համացանցը նրանց մեծ հնարավորություններ է տալիս սեռական առաջին քայլերը վիրտուալ տարածքում կատարելու համար:

Հոգեբան

Դեռահասները հատկապես խոցելի են, քանի որ նրանք սեռական ակտիվության շրջանում են գտնվում: Սեռական բովանդակությամբ լուսանկարները, տեսագրությունները շատ հասանելի են: Դրանք գրգռում են անչափահասների երեւակայությունը եւ կոնկրետ քայլերի մղում:

Սովորաբար, ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդիկ, ովքեր հասարակության կողմից ճնշումների են ենթարկվում, դժվարանում են շփվել իրական կյանքում, իսկ վիրտուալ աշխարհում հոմոսեքսուալիստ տղամարդն, օրինակ, կարող է ներկայանալ կնոջ կերպարով եւ կարող է բավարարել իր ցանկությունները:


Ովքե՞ր են զբաղվում վիրտուալ սեքսով

Սեքսոպաթոլոգ

Վիճակագրությունից պարզ է դառնում, որ վիրտուալ հարաբերություններ ավելի շատ նախընտրում են տղամարդիկ` նախ եւ առաջ տղամարդկանց սեռականության առանձնահատկություններից ելնելով: Տղամարդիկ փորձում են արագ բավարարել սեռական ցանկությունները: Վիրտուալ շփումները եւ հարաբերությունները տղամարդկանց ավելի շատ են բավարարում, քան կանանց: Տղամարդիկ ավելի ազատ են այս առումով, կանայք, ելնելով իրենց կենցաղային եւ սոցիալական որոշակի խնդիրներից, ավելի սահմանափակում են վիրտուալ կյանքը: Տղամարդու համար այս տարբերակը նաեւ սոցիալապես ձեռնտու է եւ ծախսատար չէ:

Հոգեբան

Կնոջ սեռական կյանքը բխում է հոգեւորից: Նա պետք է շփվի, զգացմունքներ ունենա, նոր միայն կարողանա մտնել սեռական հարաբերությունների մեջ: Նույնիսկ կոնֆլիկտից հետո դժվարանում է սեռական հարաբերության մեջ մտնել ամուսնու հետ: Տղամարդկանց սեռական կյանքը բխում է ֆիզիկականից, շատերը որեւէ խնդիր չեն տեսնում անծանոթ կնոջ հետ սեռական կապի մեջ մտնելիս:


Դավաճանությո՞ւն է արդյոք վիրտուալ սեքսը

Սեքսոպաթոլոգ

Լինում են դեպքեր, որ վիրտուալ սեքսը դառնում է ամուսնալուծության պատճառ: Վիրտուալ հարաբերությունների մեջ մտնելը դավաճանություն չէ, շփման ոչ ճիշտ տարբերակ է`պաթոլոգիա է, որը պետք է շտկվի:

Վիրտուալ շփումը նվազեցո՞ւմ է ագրեսիան հասարակության մեջ

Հոգեբան

Վիրտուալ աշխարհն օգնում է իրականացնել սեռական ֆանտազիաները որքան էլ այլասեռված դրանք չլինեն: Դրանց իրացումը ճիշտ ձեւով չի կատարվում եւ որեւէ կապ չունի ագրեսիայի նվազեցման հետ: Խնդիրն իրականում ոչ թե ագրեսիայի, այլ դեպրեսիայի մեջ է, ինչը վիրտուալ շփումների հետեւանքն է:

Սեքսոպաթոլոգ

Թվում է, որ ագրեսիան հնարավոր է նվազեցնել այս տարբերակով, սակայն տեւականորեն նման կյանքով ապրելը հանգեցնում է ագրեսիայի ավելացման, քանի որ անձը մեկուսանում է արտաքին միջավայրից, նրա վրա ազդում է ընտանիքի անդամների ճնշումը եւ դառնում է գերնյարդային եւ ավելի ագրեսիվ:


Ի՞նչ ֆիզիոլոգիական եւ հոգեկան խնդիրների է հանգեցնում վիրտուալ կյանքը

Սեքսոպաթոլոգ

Սակավաշարժ կենսակերպը, օր ու գիշեր համակարգչի առջեւ նստելը բիոռիթմի խախտումների է հանգեցնում: Կոնքի խոռոչում արյան շրջանառության խանգարումը բերում է կանգային բորբոքումների, մասնավորապես շագանակագեղձի բորբոքումների, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել պոտենցիայի խանգարումների, սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշների վատթարացման: Նման կենսառիթմը հանգեցնում է նաեւ ոչ ճիշտ սննդակարգի, որը բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա:

Հոգեբան

Վիրտուալ կյանքով ապրող մարդիկ դառնում են նյարդային, մեկուսացված եւ դեպրեսիվ: Հեշտ տարբերակով կեղծ բավարարվածություն ստանալը հանգեցնում է նրան, որ մարդու մոտ նվազում է մոտիվացիան զբաղվել այլ գործունեությամբ: Սա հանգեցնում է նրան, որ կարիք է լինում մասնագետների միջամտության` լավագույն դեպքում` հոգեբանի եւ սեքսապաթոլոգի, իսկ վատագույն դեպքում` հոգեբույժի:

Վիրտուալ կախվածություն կոչվող հիվանդությունը նոր է մտնում բժշկական տեղեկագրքեր: Երբ հոսանքը անջատվում է կամ համակարգիչն է փչանում կախվածություն ունեցող մարդիկ հայտնվում են պարանոիկ վիճակում: Շատերը խրոնիկ ստուգում են էլեկտրոնային փոստը, սմարթֆոնների միջոցով փորձում են մշտապես հասանելի լինել: Սա վիրտուալ կախվածության սկիզբն է, որը ժամանակի ընթացքում կարող է տանել դեպի վիրտուալ սեռական կյանք:

Վրեժ Շահրամանյանի եւ Միհրդատ Մադաթյանի մտքերը գրի է առել Մարիամ Մանոյանը /BRAVO.am/

Loading...