Հայրերը պետք է մասնակցեն երեխաների դաստիարակությանը մայրերի հետ միասին. ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ - TopArm.Info

Լրահոս

понедельник, 22 апреля 2019 г.

Հայրերը պետք է մասնակցեն երեխաների դաստիարակությանը մայրերի հետ միասին. ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ


Հայրերի դերը երեխաների դաստիարակության գործում շատ կարեւոր է, եւ այն չի կարելի թերագնահատել։ Անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի երիտասարդ հայրերը հնարավորություն ունենան ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

Նրա խոսքով, եթե երեխան հուզական կապ ունի գոնե մեկ ծնողի հետ, դա արդեն լավ է, բայց ավելի լավ է, եթե նման կապ կա երկու ծնողների հետ էլ։ Ի վերջո, երեխան պետք է ծանոթանա թե՛ կնոջ, թե՛ տղամարդու դերային մոդելին, ուստի այդքան կարեւոր է, որպեսզի երկու ծնողները (եթե երեխան լիարժեք ընտանիքում է մեծանում) զբաղվեն երեխայի դաստիարակությամբ։


Ինչպես նշել է Տանյա Ռադոչայը,  հոր եւ երեխայի միջեւ սերտ կապը օգտակար է ոչ միայն երեխայի զարգացման, այլեւ հենց հոր համար. հոր համար կարեւոր է ժամանակ անցկացնել երեխայի հետ, զգալ իրեն նրա կյանքի մի մասը, իմանալ, թե ինչի մասին է մտածում, տեսնել, թե ինչպես է մեծանում։

«Երիտասարդ հայրիկները, որոնք զբաղվում են երեխաների հետ, նրանց հետ ժամանակ անցկացնում, իրականում շատ լավ են իրենց զգում եւ շատ են հպարտանում հոր իրենց դերով։ Բայց մեր հասարակությունը դեռ լիովին չի աջակցում դրան։ Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի երիտասարդ հայրերը հնարավորություն ունենան ավելի շատ զբաղվել իրենց երեխաներով»,- նշել է մասնագետը։

Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է երիտասարդ ծնողներին ավելի շատ տեղեկատվություն տալ երեխայի ճիշտ դաստիարակության ու հոր կարեւոր դերի մասին, նրանք նաեւ պետք է հասկանան, որ կնոջ դերն ընտանիքում չի սահմանափակվում երեխայի դաստիարակությամբ, իսկ տղամարդունը՝ փող վաստակելով։ Դրա ընկալումը, մասնագետի խոսքով, կծառայի տղամարդու եւ կնոջ միջեւ հավասարության հաստատմանը, ինչն օգտակար կլինի ամբողջ հասարակությանը։

Հիշեցնենք, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը նախատեսում է նոր վեբկայք բացել, որտեղ փոքր երեխաների ծնողները կկարողանան գրագետ տեղեկատվություն ստանալ երեխաների խնամքի մասին։


Նյութի աղբյուրը՝ news.am